ՏԱՃԱ՞Ր, ԹԵ՞ ԻՐԱՐԻՑ ՀԵՌՈՒ ԸՆԿԱԾ ՔԱՐԵՐ
Հարցեր որոնք աշխատանք են
Ինդիվիդուալ գիգանտնե՞ր,թե՞ համակարգ
Առանձին հաջողություննե՞ր,թե էկոհամակարգ
Մարզե՞ր,թե՞ միայն Երեւան
Փազլի կտորնե՞ր,թե՞ ամբողջական պատկեր
Քարե՞ր,թե՞ տաճար
Կրթությունը ուժ է։
Բայց ուժը միայն գիտելիքի մեջ չէ։ Ուժը՝ գիտելիքը արդյունքի վերածելու, արդյունքը միջավայրի վերածելու և այդ միջավայրը հաջորդ սերնդին փոխանցելու կարողության մեջ է։
Վերջերս ինձ հաճախ է անհանգստացնում մեկ հարց:
Ի՞նչ ենք մենք ուզում կառուցել։
Հաջողված մարդկանց, թե՞ հզոր համակարգ։
Որովհետև իմ համոզմամբ յուրաքանչյուր ինդիվիդուալ գիգանտ առանց համակարգի նման է տաճարից հեռու ընկած քարի, իսկ համակարգն ինքնին տաճար է, որտեղ յուրաքանչյուր քարի ձևն ու տեղը նախապես պատկերացնելի են։
Հարցը միայն այսօրվա մասին չէ։
Հարցը վաղվա ժողովրդի մասին է։
Հարցը այն մասին է, թե արդյոք մենք պատասխանատվություն վերցնո՞ւմ ենք նրանց համար, ովքեր այսօր դեռ երեխաներ են, բայց վաղը պետք է դառնան մեր երկրի սյուները։
Վերջերս Առաջնորդության դպրոցի նախաձեռնությամբ այցելեցինք գյուղ Կոթի։ Ճանապարհին զգուշությամբ էինք անցնում որոշ հատվածներ, որոնք գտնվում էին հակառակորդի նշանառության տակ։ Հետո իմացա, որ երբեմն երեխաներին ասում են առանց ծնողների դուրս չգալ, կամ ընդհանրապես որոշ ժամանակ տնից դուրս չգալ։
Եվ ես ինքս ինձ հարց էի տալիս.
Ինչո՞ւ։
Ինչո՞ւ ես պետք է իմ սեփական հողի վրա սահմանափակված լինեմ։
Ինչո՞ւ ես պետք է չկարողանամ վայելել իմ բնությունը, զբաղվել, ստեղծել և արարել։
Եթե ես չեմ տիրում ինձ, ինձ կտիրեն։
Եթե ես չեմ տիրում իմ հողին, իմ մտածողությանը, իմ գիտելիքին, իմ ապագային, ապա ուրիշները կձևավորեն դրանք իմ փոխարեն։
Եվ այստեղ ես հասկացա, որ հարցի պատասխանը արտաքին չէ։
Հարցի պատասխանը ներքին ուժն է։
Երևի բոլորի մեջ էլ կա այդ ներքին ուժը։ Գուցե տարբեր մակարդակներում, գուցե ոչ բոլորի մոտ է այն գիտակցված, բայց այն կա։
Նկ 1․ Հատված Կոթի,Բաղանիս,Ջուջևան,Ոսկեպար սահմանամերձ գյուղերի երեխանների հետ նպատակների և զարգացումների մասին խոսելիս
Այդ օրը ես լսում էի ուսուցիչներին։
Նրանք ասում էին, որ երեխաները հաճախում են ԹՈՒՄՕ, Արմաթ, տարբեր ծրագրեր, բայց հաճախ բացակայում է ամենակարևոր հարցի պատասխանը։
- «Ինչի՞ համար»։ - Այո, ես գնում եմ։ - Բայց ինչի՞ համար։ - Այո, ես սովորում եմ։ - Բայց ինչի՞ համար։ - Այո, ես ուզում եմ դառնալ ինչ-որ մեկը։ - Բայց ո՞վ։
Եվ այդ պահին ես հասկանում էի ուսուցիչների ցավը։
Ոչ թե այն, որ երեխաները չեն սովորում։
Այլ այն, որ երբեմն այդ ամբողջ աշխատանքը նման է իրարից անջատ փազլի կտորների՝ առանց պատկերի, առանց ուղղության, առանց օրինակների։
Եվ ինչ-որ տեղ հասկանում էի նաև նրանց կատարած աշխատանքի անարդյունավետության զգացումը։
Բայց ես երեխաների մեջ ուրիշ բան էի տեսնում։
Ես տաճարներ էի տեսնում։
Յուրաքանչյուր երեխա մի տաճար է։
Պետք է միայն տեսնել նրանց ոգին։
Տեսնել նրանց նպատակասլացությունը։
Նկ․ 2,3,4,5 Դպրոցի բակն է,որն անմիջապես գտնվում է հակառակորդի դիտարկման տակ, երեխաններն ամփոփում են այն տպավորությունները՝ որոնցով ներշնչվել էին մեր գործընկերներից
Եվ այո՛, ժամանակի ընթացքում նրանց միջից կլինեն ինստիտուցիոնալ գիգանտներ։
Բայց հարցը սա է.
Ինչի՞ համար։
Ո՞ւմ համար։
Որտե՞ղ։
Արդյո՞ք մենք կարողանում ենք նրանց միավորել նույն Էկոհամակարգի մեջ։
Արդյո՞ք մենք ուզում ենք ունենալ տաճար։
Թե՞ տաճարից հեռու ընկած քարեր։
Վատ չէ, երբ մարդն ինքնուրույն է անցնում ճանապարհը։ Բայց ափսոս է, երբ ինչ-որ մեկը արդեն անցել է այդ ճանապարհը և չի կիսում այն հաջորդների հետ․․․
Էկոհամակարգն է, որ գիտի տաճարի յուրաքանչյուր քարի տեղը։ Որտեղ յուրաքանչյուր քար իր արժեքն ունի։ Որտեղ յուրաքանչյուր քար իր նշանակությունն ունի։
Եվ այդ ազդեցությունը երկարատև է։
Ես հավատում եմ, որ Հայաստանը կարող է դառնալ ոչ միայն արդյունաբերական կենտրոն։
Ես հավատում եմ, որ Հայաստանը կարող է դառնալ միջավայր։
Այնպիսի միջավայր, որտեղ theory-ն դառնում է practice։
Որտեղ գիտելիքը դառնում է արդյունք։
Որտեղ արդյունքը դառնում է փորձ։
Իսկ փորձը՝ նոր գիտելիք։
Որտեղ յուրաքանչյուր համայնք պահպանում է իր յուրահատկությունը և դառնում ուժի աղբյուր։
Ես հավատում եմ այն Հայաստանին, որտեղ հզոր է ոչ միայն Երևանը, այլ նաև մարզերը։
Որտեղ համայնքները պարզապես բնակավայրեր չեն, այլ ուժի կենտրոններ։
Որտեղ մարդիկ գալիս են ոչ միայն սովորելու, այլ ստեղծելու։
Միայն մարզում ապրածը կգիտակցի՝ ի՞նչ պետք է արարել և ի՞նչի կարիքն է զգացել։ Չէ՞ որ ամեն նորարություն կամ չեղացիծ է սկզբնավորվում կամ ոչ բավարար եղածից։
Եվ գուցե այս աճի գագաթնակետը պետք է ամփոփվի նրանով, որ մի օր Հայաստանը դառնա այն կրթական և տեխնոլոգիական կամպուսը, որի փորձը, գիտելիքը և միջավայրը կցանկանան ունենալ նաև այլ երկրներ։
Որտեղ մարդիկ կգան ոչ միայն մեզանից ինչ-որ բան վերցնելու, այլ նաև մեզանից սովորելու։
Որտեղ մենք ոչ միայն սպառող կլինենք, այլ ստեղծող։
Եվ ԱՅՈ՛,ոչ միայն օգտվել ուրիշների փորձից, այլ դառնալ փորձ փոխանցող։
Ի վերջո,որտեղ ներդնենք մեր էներգիան և մեր ջանքերը, այն էլ կունենանք․․․
Յուրաքանչյուր քայլում ոգենշչելով ոչ թե հեռավոր երազանքով, այլ ոչ այնքան հեռու գտնվող ապագայով։
Այո՛, մենք ենք։
Մենք պետք է դառնանք այն համակարգը,որը յուրաքանչյուր մարզին թույլ կտա իր ներսում ձևավորել ուրույն համակարգ,պահպանելով իրեն հատուկ ոճը՝ առանձնահատուկ լինելով։
Առնվազն սկսելով մեզանից որպես նորաթուխ Ինժեներական Էկոհամակարգ, առաջնորդելով օրինակով, վերցնելով պատասխանատվությունն այն կյանքերի, որոնք էլ կյանքն են դառնալու նոր, ուրույն, յուրահատուկ էկոհամակարգի․
Մենք այն համակարգն ենք, որը գիտի և պետք է շարունակի իմանալ ամեն քարի, սյան տեղն ու ձևն իր ներսում․․․
Եվ հենց այդ է պատճառը, որ մեր ամենամեծ պատասխանատվությունն այսօրվա կորիզի, և վաղվա կյանքի մեջ է․․․

